ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Իրավաբանական կլինիկան սոցիալական կողմնորոշում ունեցող իրավաբանների պատրաստման ծրագիր է:  Իրավաբանական կլինիկայի ծրագրով իրավաբանական բուհերի ուսանողները մենթորների (դասախոսների, փաստաբանների) հսկողության ներքո իրավաբանական օգնություն են տրամադրում կարիքավոր անձանց, իրականացնում են դրանց շահերի պաշտպանությունը:

Երևանի Գլաձոր համալսարանում գործող Իրավաբանական կլինիկայի գործունեությունը ունի երկու հիմնական ուղղություն.

1) իրավաբանական բուհերի բարձր կուրսի ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացում,

2)  անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում  հասարակական խոցելի անձանց։ 

Այս երկու ծրագրային ուղղվածությունները փոխկապակցված են, և իրավաբանական ծառայությունների մատուցումը կոչված է նպաստելու առաջին ծրագրային ուղղվածության իրականացմանը, ուսանողների մասնագիտական կրթության և հմտությունների ձեռքբերմանը։

ԵԳՀ իրավաբանական կլինիկան տրամադրում է հիմնականում հետևյալ անվճար իրավաբանական ծառայությունները.

·                 իրավաբանական ներկայացուցչություն,

·                 խորհրդատվություններ,

·                 իրավաբանական տեքստերի կազմում,

·                 դասընթացների կազմակերպում:

 

Անվճար իրավաբանական ծառայությունները ուղղված են հետևյալ ոլորտներին.

·                 աշխատանքային վեճեր,

·                 սոցիալական ապահովություն,

·                 հողային վեճեր,

·                 առողջապահություն,

·                 վարչաիրավական հարաբերություններ՝ վարչական տուգանքներ,

·                 քրեական դատավարություն:

 

Ծառայությունները հիմնականում մատուցվում են հետևյալ եղանակով. ուսանողները դասախոս-կոորդինատորի անմիջական ներկայությամբ և նրա հսկողության տակ անձամբ կատարում են քաղաքացիների ընդունելություն, տրամադրում խորհրդատվություն, իրականացնում են ներկայացուցչի լիազորություններ: Ուսանողն անձամբ է կատարում տեղեկատվության հավաքում և վերլուծություն, իրավական խնդրի մանրազնին ուսումնասիրություն, գտնում է տվյալ խնդրի հնարավոր լուծումները, նախապատրաստում և իրականացնում է խորհրդատվությունը: Դասախոս-կոորդինատորի հիմնական դերը ոչ թե խնդրի լուծումները գտնելն է, այլ ուսանողի հնարավոր սխալները բացառելն ու նրա գործողությունների կոորդինացումը: Ուսանողն իրավախորհրդատվական աշխատանքը կատարում է ինքնուրույն: Հաճախ ծառայությունների մատուցման գործընթացում կլինիկան ներգրավում է փորձված իրավաբանի կամ փաստաբանի:

 

Ծրագրի նպատակն է աստիճանաբար՝ ուսումնական պլանին համահունչ, ուսանողների մոտ ձևավորել որոշակի հմտություններ և կարողություն անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Սույն ծրագրով նախատեսվող դասընթացները կազմակերպվում են 3-րդ կուրսից սկսած՝ ուսումնական պլանին զուգահեռ՝ համադրելի մոդուլներով:

Դասընթացների ժամաքանակները կարող են փոփոխվել՝ կախված ուսանողների ունեցած հմտություններից։

Հասարակության խոցելի խմբի անձանց դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 15:00-ից մինչև 17:00: